«Եթե չկա՝ ինչ սիրում ես, սիրիր՝ ինչ կա»՝ երբ Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին գրում էր այս տողերը, բնավ նկատի չուներ քաղաքականությունը, մարդու հոգու մասին էր գրում՝ ուզում էր մարդը անպտուղ որոնումներում չտանջվի և ունեցածի արժեքը գնահատի: Նրա մտքով չէր անցնում, որ իր հայտնի ասույթը կարող է դառնալ կոնֆորմիզմի բանաձև քաղաքականության մեջ: «Ժամանակը» գրել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ ընտրություններում առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով։ Անիմաստ հարց է, թե ո՞ր գաղափարներն են միավորում ՄԱԿ-ին ու ՀԱԿ-ին: Ինչպես ժամանակին անիմաստ էր հարցը, թե ՄԱԿ-ին ու ԲՀԿ-ին ի՞նչն էր միավորել: Նախընտրական ժամանակում քաղաքական կուսակցությունների ղեկավարներին մտահոգում է միայն մեկ հարց՝ ընտրություններում հասնել արդյունքի, մնացած հարցերը մղվում են հետին պլան:
Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է գաղափարին ու ծրագրին տրվում հազարերորդական նշանակություն: Որովհետև քաղաքական դաշտում քաղաքական կուսակցությունը ազդեցություն է ստանում, եթե ունի խորհրդարանական ներկայացվածություն: Որովհետև կուսակցություններ են ստեղծվում միայն ընտրություններին մասնակցելու համար: Որովհետև չորս-հինգ տարի կուսակցությունները կան, թե չկան, հայտնի չէ, իսկ ընտրությունների նախօրեին նրանց նախագահները սկսում են լալահառաչ բացատրել, թե ինչպես են սիրում ժողովրդին ու ժողովրդավարությունը, ինչեր են պատրաստ անել նրա համար: Կան, իհարկե, բացառություններ: Կան կուսակցություններ, որ խորհրդարանում ներկայացվածությունը համարում են ոչ թե նպատակ, այլ՝ միջոց: Բայց իշխանական համակարգը այդ կուսակցություններին իր բոլոր լծակներով մղում է լուսանցք՝ զրկելով ֆինանսական հնարավորություններից ու եթերից, միաժամանակ հայտարարում է, որ ամեն ինչ անում է բազմակուսակցական համակարգի կայացման համար, որ իր խնդիրը չէ ուրիշ կուսակցություններին ևս պահելը:
ՈՒրիշ կուսակցություններին պահելը իշխող կուսակցության խնդիրը չէ, բայց իշխանության խնդիրն է քաղաքական բազմակարծություն ապահովելը, իսկ երբ նույնանում են իշխանությունն ու իշխող կուսակցությունը, ամեն ինչ խառնվում է: Իշխող կուսակցությանը պետք չեն մրցակիցներ: Գաղափարական մրցակցությունը հանգեցնել պարզ թվաբանության՝ ով ավելի շատ ձայն կհավաքի, ամենալավ պարզ տարբերակն է: Առավել ևս, որ ձայները հավաքելու ու հաշվելու հարցում գործում են ոչ թե գաղափարների ու ծրագրերի նախընտրության սկզբունքները, այլ՝ ֆինանսական ու վարչական գերակայությունները: ՈՒրեմն՝ ի՞նչ իմաստ ունի գաղափարի ու ծրագրի հետևից ընկնել՝ դա ցուցափեղկ է, իսկ առևտուրը կարելի է անել առանց ցուցափեղկի էլ: ՈՒ քանի դեռ սա է իրավիճակը, նախընտրական ոչ մի ալյանս զարմանալի չէ, ոչ մի անձի այս ու այն դաշինքում հայտնվելը զարմանալի չէ, օրինաչափ է:
Կոնֆորմի՞զմ, թե՞ ճշմարտություն: Իհարկե՝ կոնֆորմիզմ: Ճշմարտությունը բերում է մարգինալության՝ ազնիվ, արդար, բայց՝ հասարակության վրա ու քաղաքական կյանքում ներգործության նվազ ու սահմանափակ հնարավորություններով: Կոնֆորմիզմն ապահովում է քաղաքական ազդեցություն, ֆինանսական լծակներ, հրապարակային կյանքի հնարավորություններ: ՈՒ բացարձակ անտարբերության է մատնվում փաստը, որ ասելիք ունեցողը լսվելու հնարավորություն չունի, իսկ ասելիք չունեցողին այլևս լսելու ցանկություն ունեցող չկա: Ընտրություններից առաջ մի կարճ ժամանակահատվածում նրանց հնարավորությունները հավասարվում են, բայց ընտրությունների օրը ամեն ինչ «կարգավորվում է»՝ իշխանության հաղթանակը վերականգնում է նախկին վիճակը: Եվս հինգ տարով: ՈՒ ամեն ինչ բացատրելի է, ամեն ինչ հասկանալի է, ինչպե՞ս փոխել իրավիճակը՝ դա ևս հասկանալի է: Կոնֆորմիզմից հրաժարվելով: Ինչպե՞ս: Դա արդեն յուրաքանչյուրն ինքն իր համար պիտի որոշի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ հիմա դեռ կուսակցությունները ծփում են կոնֆորմիզմի ծովում ու հույս ունեն, որ ալիքն իրենց չի ծածկի, որ հաղթանակի ափ դուրս կգան: Այդպես էլ Գուրգեն Արսենյանը հայտնվում է ՀԱԿ-ի ցուցակում, որ ֆինանսավորի ՀԱԿ-ին ու, բնականաբար, լինի անցողիկ տեղում: Այդպես ճիշտ է, այդպես են միավորվում փողն ու քաղաքականությունը, իսկ արդյունքը դառնում է իշխանությունը, հետևանքը՝ մեր այսօրվա վիճակը: ՈՒ այնպես չէ, որ միայն նրանք են մեղավոր, մեղավորը բոլորս ենք, բոլոր կոնֆորմիստներս, որ հարմարվողականությունը շփոթում ենք անհնարինության հետ: